Սրբոց Վարդանանց տոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեծ շուքով նշվեց Ս. Վարդանանց տոնը, որի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Սրբազան Հայրն արարողության ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով մեր ժողովրդի եւ Եկեղեցու կյանքում Ավարայրի ճակատամարտի նշանակությանը եւ նրա քրիստոնեական ընկալմանը: «Մենք երախտապարտ ենք Վարդանանց հերոսներին եւ նրանց նման բյուր նահատակներին, որովհետեւ եթե նրանք այդ քաջությունը չունենային, ապա մենք էլ չէինք լինի այսօր, հայի անունը չէր լինի այս աշխարհում»,- ասաց Սրբազան Հայրը:
Հայ Առաքելական Եկեղեցու ընկալյալ ավանդության համաձայն` Ս. Վարդանանց տոնը նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է: Պատարագիչ Սահակ Սրբազանը հոգեւորականների եւ ներկա բազում հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորեց Վեհափառ Հայրապետին այս առիթով` մաղթելով քաջառողջ կյանքի երկար օրեր եւ անսասան հովվապետական գավազան: Սրբազան Հայրն ուրախությամբ արձանագրեց, որ Նորին Սրբության գահակալության օրոք յուրովի վերազարթոնք է ապրում Հայ Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Այնուհետեւ Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում ներկաներն աղոթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության եւ Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատության համար:
Ս. Պատարագից հետո Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն: Տերունական աղոթքին, ՀՀ օրհներգին եւ ճեմարանի քայլերգին հաջորդեց ճեմարանի փոխտեսուչ Տ. Դավիթ աբեղա Քարամյանի բացման խոսքը: Օրվա խորհրդի մասին բանախոսությամբ հանդես եկավ հայ ժողովրդի պատմության ճեմարանի դասախոս Ավետիս Հարությունյանը` անդրադառնալով հայ ժողովրդի պատմության ընթացքում Վարդանանց անպարտելի ոգու դրսեւորումներին:
Հանդիսության վերջում ներկաներին իր հայրական պատգամն ու հորդորը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը խոսեց Ս. Վարդանանց խորհրդի, հայոց ոգու անպարտելիության հաղթանակի մասին, որոնցով դարեր շարունակ ներշնչվել են մեր նախնիները` որպես ազգ եւ ժողովուրդ: Հայոց Հայրապետը հորդորեց ամենքին Ավարայրի հերոսամարտի ոգեկոչումով, Վարդանանց նույն արիությամբ դիմակայել բոլոր փորձություններին եւ վտանգներին, որոնք մեր ժամանակներում ծառացած են մեր ժողովրդի առջեւ եւ սպառնում են մեր ազգային ինքնությանը, քրիստոնեական նկարագրին ու բարոյահոգեբանական արժեհամակարգին: Նորին Սրբությունը Հայրենիքի, հայոց հավատի եւ ժողովրդի պաշտպանության սրբազան գործում մեծապես կարեւորեց եկեղեցականների առաքելությունը` քաջությամբ եւ վճռականորեն դուրս գալ նոր մարտահրավերներին դեմ հանդիման եւ թույլ չտալ, որ այդ որոմներն ապականեն մեր ժողովրդի հոգին:
Ս. Վարդանանց տոնին նվիրված շարականներով, ազգային երգերով եւ բանաստեղծություններով հանդիսությունը ծաղկեցրեցին ճեմարանականները: